ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հայ իրականության մեջ ԼՂ-ի հիմնախնդրի լուծումը ծառայեցվում է որոշակի ներքաղաքական խնդիրների, իշխանափոխության նպատակների»

«Հայ իրականության մեջ ԼՂ-ի հիմնախնդրի լուծումը ծառայեցվում է որոշակի ներքաղաքական խնդիրների, իշխանափոխության նպատակների»
21.11.2008 | 00:00

«ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇԱՀԵՐԸ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
-Պարոն Դալլաքյան, խոսվում է ղարաբաղյան խնդիրը հասարակական քննարկումների միջոցով հրապարակայնացնելու մասին: Ի դեպ, 1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը ցանկանում էր հասարակական քննարկում ծավալել խնդրի շուրջ, հասարակությունը շատ իներտ գտնվեց: Այսօր վիճակը փոքր-ինչ այլ է, շատերի գլուխն է կարծես զբաղված Ղարաբաղով:
-Գիտե՞ք, այն օրերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր մոտավոր փաստաթղթի մասին: 1997-ին նա մի քանի պատգամավորների հանդիպման էր հրավիրել` հարցի հետ կապված: Ինքս այդ պատգամավորների թվում էի, նաև Գեղամ Ղարիբջանյանն էր, Ջեմմա Անանյանը... Հանդիպումը տևեց մեկուկես ժամ: Բավականին բարդ խոսակցություն ծավալվեց: Տեր-Պետրոսյանը տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղը կունենա սեփական սահմանադրություն, կունենա ոչ թե զինված ուժեր, այլ գվարդիա: Կետ կար նաև այն մասին, որ Ադրբեջանը, եթե որևէ օրենք ընդունում է, իսկ ԼՂ պառլամենտն այդ օրենքը չի վավերացնում, այն չի կարող տարածվել ԼՂ-ի վրա:
-Իսկ ԼՂ կարգավիճակն ինչպիսի՞ն էր:
-Կիսաանկախ: Կոնֆեդերատիվ, եթե կարելի է այդպես անվանել: Որոշակի դրույթներ վերցված էին Ալանդյան կղզիների մոդելից, բայց այդ ամենը պետք է քննարկվեր հասարակության, քաղաքական ուժերի կողմից: Սակայն քանի որ ԼՂ խնդիրը 1998-ին օգտագործվեց ներքաղաքական խնդիրներ լուծելու և Քոչարյանին իշխանության բերելու նպատակով, լուրջ քննարկումներ ԼՂ հիմնախնդրի հետ կապված, ցավոք, չծավալվեցին: Եվ, ընդհանրապես, որպես կանոն (սա ես կրկին ցավով եմ ասում), հայ իրականության մեջ ԼՂ հիմնախնդրի լուծումը ծառայեցվում է որոշակի ներքաղաքական խնդիրների, իշխանափոխության նպատակների:
-Այդ դեպքում, ի՞նչ եք կարծում` 1998-ի «ֆակտրը» կարո՞ղ է կրկնվել 2008-ին:
-Այսօր ևս երկրում կան քաղաքական ուժեր, որոնք կցանկանան նման փորձ անել, «որոշակի» գործողություններ իրականացնել: Բայց և միանշանակ է՝ միակ հարցը, որը քաղաքական գործիչների համար շահարկումների առարկա չպետք է դառնա` վերածվելով քաղաքական գործիքի, Լեռնային Ղարաբաղի խնդիրն է:
-Ձեր կարծիքը ես կփոխանցեմ Ռոբերտ Քոչարյանին... դե, որովհետև նա էր 1998-ի հեղաշրջման կազմակերպիչն ու օգտվողը: Ճշգրտենք. երբ Տեր-Պետրոսյանը մի խումբ պատգամավորների ներկայացրեց այդ մանրամասները, Դուք համաձայնեցի՞ք նրա մոտեցումներին, թե՞...
-Կարող եմ խոսել լոկ իմ անունից. Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերում կային հարցադրումներ, որոնք իմ կողմից ընդունելի էին, կային հարցադրումներ, որ չէին: Ի դեպ, քննարկումներն անչափ բուռն ընթացան, ես նստած էի Տեր-Պետրոսյանի կողքին, նա ծխում էր սիգարետ սիգարետի հետևից. գիտե՞ք` ինքը շա՜տ գեղեցիկ է ծխում, մեկ էլ տեսա` սիգարետներից մեկը նա «թարս» բռնել ու համառորեն փորձում է ֆիլտրի կողմից վառել ու վառել, բռնեցի նրա ձեռքից, նա զարմացած ինձ նայեց, ասի` պարոն նախագահ, հակառակն եք վառում:
-Դե, հիմա` ի՞նչ, պետք է Ձեզ խորհուրդ տանք` չնստե՞լ Սերժ Սարգսյանի կողքին, որովհետև, եթե հետևենք Ձեր բառերի ենթատեքստին, ապա դրան հաջորդում է հրաժարականը: Լավ, ինչո՞վ ավարտվեց Տեր-Պետրոսյանի հետ այդ հանդիպումը:
-Մենք չէինք կարող միանշանակ կարծիք հայտնել այն մոտեցումների վերաբերյալ, որոնք ներկայացրեց Տեր-Պետրոսյանը, որովհետև մեր ձեռքին փաստաթուղթ չկար: Նախագահը, ճիշտ է, մի քանի օրինակներ բերեց, բայց այդ օրինակներով ընդհանուր փաստաթղթի մասին պատկերացում կազմելը շատ դժվար էր. ցանկացած փաստաթուղթ ունի իր նրբերանգները, և, ինչպես ընդունված է ասել, սատանան, ի վերջո, միշտ էլ մանրամասների մեջ է լինում:
-Փաստորեն, նախագահ Տեր-Պետրոսյանը չկարողացավ Ձեզ «լրջացնել»` հասկանալու պահը: Ձեզ չհամոզեց:
-Ինձ` ոչ:
-Վերադառնանք այսօրվա հասարակական քննարկումներին ու «համոզումներին»:
-Կարծում եմ՝ հասարակական լայն քննարկումներ ծավալելուց առաջ ա) անպայմանորեն պետք է հրապարակվեն, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքները», բ) պետք է հրապարակվեն այն բոլոր փաստաթղթերը, որոնք մինչ այժմ քննարկվել են:
Եվ, այնուհանդերձ, պետք է նկատի ունենալ նաև, որ աշխարհում չկա որևէ երկիր, ուր ամբողջ բնակչությունն զբաղված լինի քաղաքական խնդիրներ լուծելով: Օրինակ, երեք ու կես միլիոն հայությամբ բանակցություններ չեն վարում: Այսինքն` բոլորը պետք է գիտակցեն նաև հետևյալը. բանակցային գործընթացում կան գաղտնի պահեր ևս, ինչը շատ տրամաբանական է, և չեմ կարծում, որ ամեն ինչ պետք է հրապարակել: Բայց քննարկման առարկա հանդիսացող որոշակի փաստաթղթեր անպայմանորեն պետք է ներկայացվեն հանրության ուշադրությանը:
-Սպասե՞նք օրերս նման փաստաթղթերի` նկատի ունենալով հանգամանքը, որ որոշ փորձագետներ, այդ թվում և` առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, պնդում են, որ մինչև տարվա վերջ կստորագրվի փաստաթուղթ:
-Կարծում եմ` Դուք, այդ թվում և` պնդում կատարող փորձագետները, հասկանում եք, որ գոնե այս պահին որևէ կոնկրետ փաստաթուղթ չկա: ՈՒշադրություն դարձրեք, որ փաստաթուղթ կոչվածն ունի մի քանի բաղկացուցիչ. դեկլարացիա, սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթ, ԼՂ հիմնախնդրի հայեցակարգի ընդունում և, վերջապես, չորրորդ` կոնկրետ փաստաթուղթ:
-Ձեր նշած` «step by step»-ում Ղարաբաղի մասնակցությունն ինչպե՞ս է արտացոլվում: Նույն փորձագետները կարծում են, որ մոսկովյան հռչակագրով սին դարձան սպասումները, թե Ղարաբաղը երբևէ կդառնա բանակցային կողմ:
-Չնայած մոսկովյան հռչակագրի առնչությամբ տարբեր մակարդակներում քննարկումներ ընթացան, այդ թվում և` ԶԼՄ-ներում, այնուհանդերձ, այն համապարփակ մեկնաբանման այդպես էլ չարժանացավ: Հարցի հետ կապված՝ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. հռչակագրում նշված է` պետք է բանակցային հիմքում դրվեն իրավական այն փաստաթղթերը, որոնք մինչ այս ընդունվել են: Հիմա, օրինակ, իրավական փաստաթո՞ւղթ է 1994-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որտեղ Լեռնային Ղարաբաղը նույնպես կողմ է: Ասել է` այդ փաստաթուղթը նո՞ւյնպես պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում: Զինադադարի մասին պայմանագրում նույնպես առկա է Ղարաբաղի ստորագրությունը: Երրորդ. ՄԱԿ-ի՝ մինչև 1994թ. ընդունված, ԼՂ-ի հետ կապված մի քանի որոշումներում նշված է` «հայկական ուժերը պետք է....». այսինքն, գրված չէ` «Հայաստանի Հանրապետության ուժերը պետք է», ինչն էլ նշանակում է` խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, և, ուրեմն` ՄԱԿ-ն ընդունել է ԼՂ-ի գոյությունը: Չորրորդ. ԼՂ-ն Խորհրդային Միության կազմից դուրս է եկել հանրաքվեով, այսպես ասած` իդեալական ձևով, խորհրդային բոլոր օրենքներին համապատասխան: Իսկ դա նույնպես միջազգային փաստաթուղթ է: ՈՒստի ապագա բանակցությունների հիմքում պետք է դրվեն այս բոլոր փաստաթղթերը: Բայց ես միամիտ չեմ, ավելին` պատմաբան եմ և հասկանում եմ` որքան էլ փաստարկներն ուժեղ լինեն, այդ փաստաթղթում կա հակասություն: Այնտեղ նշված է` բանակցությունների հիմքում պետք է դրվեն իրավական փաստաթղթեր: Սա` մի կողմից: Մյուս կողմից` հիմնախնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով:
Հիմա` հարց. ինչպե՞ս կարող է պատահել, որ իրավական փաստաթղթերը դրվեն հիմքում, և հարցին տրվի քաղաքական լուծում: Չի կարող նման բան լինել: Ինչո՞ւ։ Որովհետև կարող է, ասենք, Հայաստանի համար բարենպաստ տասը իրավական փաստաթուղթ լինի, իսկ ուժային կենտրոնները որոշեն` քանի որ հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, իրավականը դնում ենք մի կողմ, և հարցը լուծում ենք «քաղաքական ճանապարհով»: Տեսա՞ք, որ փաստաթուղթն ունի բավականին խոցելի կողմեր:
-Մանավանդ որ ուժային կենտրոններն իրենց հերթին շատ են սիրում նավթ, գազ, ու ամենքը յուրովսանն ցանկանում են այդ գազե, նավթե վերմակը քաշել իրենց ոտներին:
-Այո, ցավալիորեն միջազգայնորեն ընդունված երկու սկզբունքները` տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, որոնք իրավահավասար սկզբունքներ են, մեր օրերում չեն գործում: Այո, գործում են շահերը, առաջին հերթին, էներգետիկ շահերը: Գործում են երկակի ստանդարտները: Օրինակ, Կոսովոյի հարցում գործեց մի սկզբունք, Աբխազիայի-Օսիայի դեպքում` մեկ այլ սկզբունք. նկատի ունեմ երկու ուժային կենտրոնների առանձին-առանձին մոտեցումները: Ինչը նշանակում է, որ նույն միջազգային հանրությունը պրոբլեմ ունի՝ երկու հիմնարար սկզբունքների համադրման հետ կապված: Հետևաբար, միջազգային հանրությունը պետք է նոր սկզբունքներ որդեգրի` նման խնդիրներն ընդհանրական մոտեցումներով լուծելու համար:
-Միջազգային հանրությունը հենց լավ էլ ընդունել է այդ նոր մոտեցումը. դա կոնյունկտուրայի սկզբունքն է:
-Բոլոր դեպքերում, մոտ ապագայում ես շատ տեսական եմ համարում, որ ուժային երեք կենտրոնները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ն, համաձայնության գան ԼՂ-ի և նրան հարակից տարածքների առնչությամբ, որն էլ կբավարարի և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, և՛ Լեռնային Ղարաբաղին:
-ՈՒզում եք ասել` Սերժ Սարգսյանը հարատևո՞ւմ է. լոռեցիաբար եթե ձևակերպենք:
-Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցներին տված նախագահ Սարգսյանի հարցազրույցների առնչությամբ երկու դիտարկում կարող եմ անել. նա հայտարարեց` ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մեկ: Եվ երկրորդ` ԼՂ-ն պետք է ունենա անվտանգության միջազգային հստակ երաշխիքներ:
Վերջի համար էլ ասեմ. Հայաստանի առաջին, երկրորդ նախագահները չէին ընդունի, երրորդ նախագահն էլ երբեք չի ընդունի մի այնպիսի որոշում, որը կհակասի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի շահերին:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2147

Մեկնաբանություններ